Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները

սեպտեմբեր 26, 2017
ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հե

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:
ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները: