Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը ՀՀ վարչապետին վստահեցրել է, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
հունվար 25, 2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: Նա ներկայացրել է նաև 2017 թ. Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները:
Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝ Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը:
Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ: