Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները կլուծվեն սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո

ապրիլ 16, 2012
Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները կլուծվեն սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի նե

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով: «Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները, միաժամանակ, իրենց ապագան պայմանավորեն սեփական կարողություններով: Մենք պետք է նրանց տանք բավարար կրթություն և ապահովենք աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց կարողություններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բնակարանային ֆոնդը պետք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի և ժամանակավոր: «Երիտասարդների մոտ մշտապես պետք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու նպատակային շահագրգռվածություն: Այս առումով կարևոր է, որպեսզի սոցիալական բնակարանային ֆոնդը համադրելի չլինի այն բնակարանների հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում իրենց սեփական եկամուտների հաշվին: Մարդկանց մոտ պետք է ձգտում չլինի օգտվելու սոցիալական բնակարանային ֆոնդից, հակառակը, նրանք պետք է շահագրգիռ լինեն տեղափոխվել ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարմարավետ բնակարաններ: Իրենք միշտ պետք է հասկանան, որ ավելի լավին հասնելու համար պետք է աշխատեն և սովորեն: Ամբողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որևէ մեկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթե ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրա: Շրջանավարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքո: Վարչապետի խոսքով՝ սոցիալական նոր քաղաքականությամբ պետական լրացուցիչ միջոցներն ուղղվելու են աղքատության պատճառների վերացմանը՝ կրթության հասանելիության ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Տեղեկացվել է, որ մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում են հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ: Վարչապետը հանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել յուրաքանչյուր շրջանավարտի խնդիրներն ու հնարավորությունները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կտեղակայվեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրվելու նաև մարզային մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրներին:
Ներկայում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ: