Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան

հուլիս 09, 2014
Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը:
Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին: «Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»՚՚,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:
Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ: Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպիրանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: «Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն: