Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է. ՀՀ վարչապետ

օգոստոս 01, 2017
Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը:
Վարչապետը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկը: «Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Բացի դրանից, ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից: «Համակարգող խորհուրդն ամեն եռամսյակ կկազմակերպի քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները: Կարևոր եմ համարում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպումը: Այդպիսի քննակումները կարող են արդյունավետ հարթակ հանդիսանալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս ծրագրի սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է ՀՀ կառավարության և իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները և հետագա քայլերը: