Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Մենք կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կլինի լավագույնը աշխարհում. վարչապետ

ապրիլ 28, 2012
Մենք կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կլինի լավագույնը աշխարհում. վարչապետ

Հայաստանի ազգային մրցունակությունը կարևորագույն մարտահրավեր է և մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում: «Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝ դիմակայելու և հարաբերական առավելություն ունենալու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք գլոբալ կերպով, հասկանանք, թե որն է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական շարժիչը, ինչ տրամաբանությամբ է զարգանալու աշխարհը և այդ կանխատեսումների ներքո էլ նկարագրենք Հայաստանի այսօրվա տեղը և դերը: Այդ առումով, համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամը բացահայտում է առկա խնդիրները, ցույց է տալիս մեր պետության, տնտեսության, հասարակական և քաղաքական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, և ստիպում է մեզ նոր ուղղություններ որոնելիս դասեր քաղել ճգնաժամից»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ և նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժշետ ենթակառուցվածքներ: «Այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ մենք պետք է և կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ կարող ենք մասնագիտանալ և լինել լավագույնը աշխարհում»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով պետություն մասնավոր համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ազգային մրցունակության խորհուրդը հենց այդ մեթոդաբանության կիրառման առարկան է: Ստեղծվել է մի կառույց, որը պետք է միավորի պետության և մասնավորի կարողությունները՝ ազգային մրցունակության խնդիրները լուծելու ժամանակ: Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհուրդն առաջարկում է օգտագործել պետական միջոցները՝ տարբեր ծրագրերը մասնավոր հատվածի համաֆինասավորմամբ և կարողությունների օգտագործմամբ իրականացնելու համար: «Այս կառույցի նպատակն է երկրի մրցունակության բարձրացման համար օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սփռված հայկական ներուժը: Դրա համար Ազգային մրցունակության խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնք տարբեր երկրներում իրենց ոլորտներում հասել են հաջողության»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության մոտեցումը տարբեր երկրներում բերել է հաջողություններ: Այդ առումով, պետությունը մասնավորի հետ ստեղծել է համագործակցության նոր հարթակ, որտեղ հաշվի առնելով հարաբերական առավելությունները՝ արտահանման ներուժ ունեցող 11 ուղղություններով կանխորոշվում են երկրի ճյուղային զարգացման հեռանկարները և կայացվում կարևորագույն որոշումներ: «Այստեղ պետությունը որոշումներ կայացնելիս չի գերիշխում, հակառակը՝ օժանդակում է, որպեսզի այդ որոշումները կայացնեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Պետությունն ընդամենը պարտավորություն է ստանձնում՝ օժանդակել ծրագրերին: Այդ առումով, մրցակցային պայմանները բոլոր ճյուղերի համար մնում են հավասար»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ-ն վերջին տարիների ընթացքում մեր երկրում դինամիկ զարգացում է ապրում, վարչապետ հույս է հայտնել, որ նրա ներուժը կօգտագործվի վերը նշված 11 ճյուղերում:
«Միաժամանակ, մրցունակ լինելու համար պետք է ունենանք մրցունակ կրթական համակարգ: Մենք պետք է կառուցենք գիտելիք-բուհական համակարգ-արտադրություն շղթան: Դա նշանակում է, որ համագործակցությունը կրթական հաստատությունների հետ ունենալու է էական նշանակություն: Այն պետությունները, որոնք կկարողանան կառուցել արդյունավետ կրթական համակարգ՝ հնարավորություն կստանան ապահովել իրենց մրցունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ: