Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին

հունվար 22, 2013
Միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի գյուղատնտեսական համատարած

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարևորել է մի քանի տեսակետից: «Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով և իրականացվող ծրագրերով:
Այս բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր՝ գյուղի և գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր: Մենք այլևս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին, քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր: Այդ ուղղությամբ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր:
Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում հաշվառմամբ և այն լինելու է կառավարության 2013-2016 թվականների կարևորագույն ծրագրերից մեկը»
,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին իր ղեկավարած կառույցի օժանդակությունն է հայտնել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին: Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը՝ Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար:
Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաև Եվրամիության Թվինինգ ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը թույլ կտա ձևավորել ամբողջական համակարգ՝ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է՝ տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ: Նշվել է, որ ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել: