Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Նիդերլանդները կաջակցի Հայաստանին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու տնտեսության զարգացման ուղղություններով․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանին

հունվար 11, 2022
Նիդերլանդները կաջակցի Հայաստանին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու տնտեսության զարգացման

Նիդերլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման համար և բարձր գնահատել դեսպանատան ծավալած ակտիվ գործունեությունը՝ ուղղված ինչպես Հայաստանի համայնքների զարգացման համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, այնպես էլ COVID-19-ի դեմ պայքարում աջակցության տրամադրմանը։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և, կարևորելով երկու երկրների կառավարությունների ակտիվ գործակցությունը, ընդգծել է, որ այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դեսպանը կարևորել է նաև տնտեսության զարգացման ուղղությամբ առկա համագործակցությունն ու նշել, որ Նիդերլանդների նպատակը Հայաստան ներդրումներ բերելն ու բիզնես համայնքին աջակցելն է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների կուտակած փորձով և կանի առավելագույնն այդ ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար։