Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Շարունակվում են աշխատանքներն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալուն

հոկտեմբեր 05, 2023
Շարունակվում են աշխատանքներն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ տեղահանված անձանց թիվը մնում է նույնը՝ 100 632: Նա նշել է, որ հաշվառմանը զուգահեռ իրականացվում է նաև նույնականացման գործընթաց: Պարզաբանելով, թե սա ինչ է նշանակում, վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստան մուտք գործած անձինք շատ հաճախ հաշվառման գործընթաց անցել են Գորիսում, այնուհետև՝ կեցության վայրում: Կան նաև այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայրում հաշվառում անցնելուց հետո, մեկնել են այլ վայր, որտեղ կրկին հաշվառում են անցել: Կրկնություններից խուսափելու համար, իրականացվում է նաև նույնականացման գործընթաց: Այս պահի դրությամբ, ըստ Նազելի Բաղդասարյանի, հաշվառված և նույնականացված անձանց թիվը կազմում է շուրջ 98 000:

Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, այսօրվա դրությամբ, արդեն իսկ 6592 աշակերտ հաճախում է դպրոց: Ըստ մարզերի, բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 237, Վայոց Ձորում՝ 117, Գեղարքունիքում՝ 303, Արարատում՝ 1112, Կոտայքում՝ 1118, Արագածոտնում՝ 329, Արմավիրում՝ 516, Շիրակում՝ 237, Լոռիում՝ 352, Տավուշում՝ 70 և Երևանում՝ 2201 աշակերտ: Դպրոցահասակ երեխաների թիվն առավել քան 21 000 է:

Շարունակվում են նաև ուսուցիչների թափուր աշխատատեղերի համալրման ուղղությամբ աշխատանքները: Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Այս պահին ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ կա:

Ավագ բուժաշխատողի 273 թափուր աշխատատեղ կա և 59 կրտսեր բուժաշխատողի: Բռնի տեղահանված անձանց մի մասն այժմ անցնում է վերապատրաստման դասընթացներ պետական պատվերի շրջանակում: Առողջապահության նախարարության թեժ գծի համարն է 8003:

Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ մարզերում շարունակվում են բռնի տեղահանված անձանց բնակեցման, սննդի, հիգիենայի կարիքների հոգածությանն ուղղված աշխատանքները:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է, որ մարզում այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5257 անձ, որից առավել քան 4000-ը գտնվում է ոչ թե հյուրանոցային, հյուրատնային պայմաններում, այլ գտնվում է վարձակալությամբ տրված բնակարաններում կամ գյուղական բնակավայրերի սեփական տներում: Այս պահին 4100 մարդու համար սննդի և հիգիենայի պարագաների փաթեթները կամ արդեն բաժանված են, կամ ընթացքի մեջ են: Աշխատանքի նպատակով մարզի բուժհաստատություններ դիմած բռնի տեղահանված 9 անձի գործ ընթացքի մեջ է:

Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ արդեն այսօր Կառավարության նիստում կայացվել է որոշում հատկացում կատարել պետական բյուջեից՝ 100 000 դրամ միանվագ աջակցության հատկացման նպատակով: Վաղվանից փոխանցումները կմեկնարկեն: