Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 24, 2000

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագրի մշակումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության աշխատանքային օրակարգում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցություններում իրականացվելիք միջոցառումները քննարկվում են ըստ առանձին ոլորտների, նշվում են ֆինանսավորման աղբյուրները, կատարման ժամկետները:

Վարչապետի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին կրթության, առողջապահության, կապի և հաղորդակցության բնագավառներում իրականացվելիք միջոցառումները:

Տարածաշրջանում կրթության ոլորտում եղած հիմնախնդիրներից են դպրոցական շենքերի կառուցումն ու վերանորոգումը, մանկավարժական կադրերով, դպրոցական գույքով ապահովումը: Քննարկումների արդյունքում ծրագրի մեջ ներառվեցին Նյուվադի և Լեհվազ համայնքների դպրոցական շենքերի կառուցումը, ինչպես նաև Ագարակի Ե.Չարենցի անվան և Մեղրու թիվ 1 դպրոցների կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ֆինանսավորումը կկատարվի պետբյուջեի և միջազգային աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:

Ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի գյուղերում բուժկետերի և ամբուլատորիաների կառուցում, Ագարակ և Մեղրի քաղաքների հիվանդանոցների և պոլիկլինիկայի վերանորոգում, բուժսարքավորումներով հագեցում: Շտապ օգնության մեքենաներ կտրամադրվեն Ագարակի և Մեղրու համապատասխան ծառայություններին, պոլիկլինիկային: Որոշակի կարգ կկիրառվի տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու համար: Կապահովվի նաև բժշկական և մանկավարժական կադրերի պահանջարկը:

Արդեն այս տարի կսկսվեն Շվանիձոր-Նյուվադի համայնքների, Մեղրի-Շվանիձոր ավտոմոբիլային ճանապարհների բարեկարգման նախագծային աշխատանքները: Նախատեսվում է Մեղրու հեռախոսահանգույցի վերակառուցում, ինչը թույլ կտա տարածաշրջանն ապահովել որակյալ հեռախոսակապով: Լուծելի է նաև տարածաշրջանում Հայաստանի ազգային հեռուստատեսության ծրագրերի ընդունման հարցը:

Միջոցառումների ծրագրում չեն ընդգրկվում այն հիմնախնդիրները, որոնց լուծման հնարավորությունները դեռ ուսումնասիրման փուլում են: Վարչապետի խոսքերով, ծրագիրը պետք է լինի ոչ թե բարի ցանկություններով ուռճացված, այլ` իրականանալի, կատարման առումով հիմնավորված: