Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 30, 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: ՈՒղերձում նշված է. « Մեծ է Ձեր ավանդը հայ երաժշտական արվեստի զարգացման գործում: Ձեր բազմաժանր ստեղծագործությամբ և հատկապես հայաշունչ երգերով Դուք արժանացել եք ժողովրդի բարձր գնահատանքին ու ջերմ սիրուն:

Իբրև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ՝ Դուք նպաստում եք ինչպես հայկական երաժշտության դասական ավանդների պահպանմանը, այնպես էլ ժամանակակից պրոֆեսիոնալ արվեստի կայացմանը:

Մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին ժամանակներում Դուք հավատարիմ եք մնացել մշակութային գործչի, արվեստագետի Ձեր կոչմանը:

Ժողովրդի շահերի պաշտպանության, բազմադարյա հայ մշակույթի հիմնախնդիրների լուծման գործին է նվիրված նաև Ազգային ժողովի պատգամավորի Ձեր գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում, ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր մշակույթի, մեր երկրի ու ժողովրդի»: