Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 16, 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ու հանրապետության մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների և լրացումների հիման վրա հաստատված շուրջ 12 մլրդ դրամի ծախսման հետ կապված խնդիրները:


Վարչապետը նշել է, որ այդ միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում: Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ըստ նրա, օպերատիվ վերահսկողություն է իրականացնելու ընթացիկ աշխատանքի նկատմամբ

՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համագործակցությամբ: Ընդգծելով, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Պետական գնումների գործակալության» կողմից գումարների տրամադրման և գնումների հետ կապված աշխատանքների հապաղումներ չեն լինի ու ամեն ինչ կարվի օրենքով նախատեսված ամենասեղմ ժամկետներում, վարչապետը կարևորել է դրանից հետո տեղերում նախատեսված աշխատանքների արագ և որակով իրականացումը: Հանձնարարվել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ նշված խնդրի վերաբերյալ համապատասխան շրջաբերական ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին ու մարզպետարաններին: Անդրանիկ Մարգարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել հատկապես դպրոցաշինության, անավարտ շինարարության օբյեկտների ավարտման, ճանապարհաշինության՝ մասնավորապես, սահմանամերձ մարզերի ճանապարհների կառուցման ու վերանորոգման խնդիրների վրա:

Վարչապետը կարևորել է նաև այս տարվա գարնանային հեղեղումների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների կատարման, դրանց համար կառավարության հատկացրած ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման խնդիրների շուրջ առաջիկայում նմանատիպ խորհրդակցության անցկացումը:


Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետը նշել է, որ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր ամիս կհրավիրվի նման խորհրդակցություն

՝ անդրադառնալու արդեն կատարված աշխատանքների արդյունքներին և հետագա փուլի խնդիրներին: