Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 23, 2001
Մարտի 23-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նիստը` նոր կազմով: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Բացելով նիստը, Վ.Մովսիսյանը նշեց հանձնաժողովի նախկին կազմի կողմից կատարված զգալի աշխատանքը մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառի կանոնակարգման ուղղությամբ: Միաժամանակ նշվեց, որ այսուհետ հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ տեղերում տարվող աշխատանքներին, առանձին բնագավառներում առավել հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ծրագրերի մշակմանը, դրանց մասին դոնորներին իրազեկմանը, ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրմանը: Հանձնաժողովը հաստատեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 5 բարեգործական ծրագիր: Դրանց թվում է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների ընտանիքի ֆինանսավորմամբ «Օրրան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ թափառաշրջիկ երեխաների և անապահով ծերերի սննդի և բժշկական սպասարկման ապահովման, թափառաշրջիկ երեխաների համար դպրոցական պարապմունքների կազմակերպման, անձնական հիգիենայի կանոնների քարոզման ծրագիրը: Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ «Առաքելություն արևելք» կազմակերպությունը Սյունիքի մարզում կվերանորոգի 2 պոլիկլինիկաների և 13 բուժկետերի շենքերը, դրանց համար ձեռք կբերվեն շտապ օգնության ավտոմեքենաներ, բուժսարքավորումներ, դեղորայք, կկազմակերպի մասնագետների վերապատրաստումն արտասահմանում: Միաժամանակ, կիրականացվի թերզարգացած երեխաների հատուկ կրթության ծրագիր: Հանձնաժողովը հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2001-2002 թվականների ընթացքում Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում «Սուրբ Երրորդություն» եկեղեցու կառուցման ծրագիրը: Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իր հերթական ենթածրագիրը կիրականացնի Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում՝ բարեկարգելով գյուղի կենտրոնը՝ կառուցելով մանկական և սպորտային հրապարակներ, իսկ ԱՄՆ-ի «Վերջին օրերի սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղը կշարունակի իր ծրագրերի իրականացումը կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և սոցիալական ոլորտներում: Քննարկվեցին նաև բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով բեռների ներմուծման ու բաշխման, նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ կապված գործարքների և այլ հարցեր: