Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 22, 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտտեին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ: Նշելով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նա հույս է հայտնել, որ եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանը՝ ի դեմս ավանդական բարեկամ ու գործընկեր, այժմ արդեն Եվրամիության լիիրավ անդամ Լեհաստանի, ձեռք կբերի եվրոպական ինտեգրման իր ձգտումների ակտիվ աջակցի: Զրույցի ընթացքում կողմերը կարևոր են համարել նաև երկկողմ համագործակցության խթանման համար լիարժեք իրավապայմանագրային դաշտի ստեղծումը: Անդրադառնալով հայ-լեհական տնտեսական համագործակցությանը, կողմերը նշել են այդ ասպարեզում փոխադարձ կապերի, մասնավորապես, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Տնտեսության տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման, երկկողմ ապրանքաշրջանառության աճի, տեղեկատվության փոխանակման ակտիվացման համար նրանք կարևորել են Հայ-լեհական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը: Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է այդ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լեհական համագործակցության զարգացմանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: