Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 27, 2004

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 70-ամյակի նախապատրաստման հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստին մասնակցել են նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվել են շուրջ երկու տասնյակ միջոցառումներ: Դրանք կկազմակերպվեն մայրաքաղաքում, հանրապետության մարզերում, այդ թվում՝ գրողի ծննդավայրում: Հոբելյանի առիթով մեծ գրողի ժառանգությունը հնարավորինս կներկայացվի նաև Հայաստանից դուրս: Հանձնաժողովի հաստատմանը ներկայացված ծրագրով, մասնավորապես, կհրատարակվեն մեծ գրողի «Հատընտիր» երկերի երկհատորյակը, անտիպ աշխատությունների ժողովածուն, կկազմակերպվի դրանց շնորհանդեսը, Ազգային գրադարանում՝ Մաթևոսյանի գրքերի ցուցահանդես: Միջոցառումների շարքում նախատեսվում է նաև Հայաստանի գրողների միության կողմից Հրանտ Մաթևոսյանի անվան գրական մրցանակի սահմանում, իսկ Երևանի, Վանաձորի և Ստեփանակերտի մանկավարժական համալսարաններում՝ գրողի անվան կրթաթոշակ: Ըստ ծրագրի, Հրանտ Մաթևոսյանի անունով կանվանակոչվի դպրոց, փողոց, կկազմակերպվեն գրողի 70-ամյա հոբելյանին նվիրված տոնական հանդիսություններ հանրապետության բոլոր մարզերում, հանրակրթական դպրոցներում և բուհերում: Ամբողջ տարվա ընթացքում հեռուստատեսությամբ և ռադիոյով կկազմակերպվեն գրողին նվիրված հաղորդումներ, հոբելյանական հանդիսությունների լուսաբանումներ: Միջոցառումների մի մասը կիրականացվի «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ:

Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն 2005 թվականի սեպտեմբերին Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջանով և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կազմակերպվելիք հոբելյանական երեկոյով:

Հանձնաժողովի անդամները հավանության են արժանացրել հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հստակեցնել բոլոր միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ֆինանսական միջոցները, պատասխանատուներին և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը:

Հանձնաժողովի նիստից հետո, վարչապետի մոտ տեղի է ունեցել նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: