Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 20, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Մարտին Հարությունյանին: Քննարկվեցին հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվեց համագործակցությունը բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում: Որպես առաջնային խնդիրներ նշվեցին 2000թ. դեկտեմբերին ընդունված «Արհմիությունների մասին» օրենքի դրույթների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը, որոնց թվում են ՀՀ կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվելիք արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձարտրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի մասին համաձայնագրի, ՀՀ նախարարությունների և ճյուղային արհմիությունների միջև համաձայնագրերի մասին և ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագրերի ընդունման մասին հարցերը: Արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի հետ համագործակցելու և գործնական աշխատանք տանելու նպատակով վարչապետը հանձնարարեց պատրաստել կառավարության աշխատանքային հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Նշվեց նաև, որ աշխատավորների շահերի պաշտպանությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է ընդունել նոր Աշխատանքային օրենսգիրքը, որի մշակման աշխատանքներում կարևորվեց նաև արհմիության ներկայացուցիչների ներգրավումը: Ընդգծվեց, որ այս և այլ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ կլինի կառավարության և արհմիությունների կոնֆեդերացիայի սերտ համագործակցությունը: Վարչապետը նշեց, որ երկրի տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, հատկապես սոցիալական և աշխատանքային հարաբերությունների ոլորտներում, կարևորում է արհմիությունների դերը: Քննարկվեցին նաև սպառողական նվազագույն զամբյուղի, կենսաթոշակների, սոցիալական անապահով խավի առողջարանային բուժման ու հանգստի կազմակեպմանն առնչվող և այլ խնդիրներ: