Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 08, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի հիմնախնդիրների լուծման ծրագրի քննարկումը՝ ճյուղային նախարարների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, մարզից ընտրված ԱԺ պատգամավորների և Հայաստանի սոցներդրումնրի հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցությամբ: Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, ներկայացնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում տված հանձնարարակնների իրագործման ընթացքը, տեղեկացրեց, որ տասնօրյա ժամկետում վարչապետին է ներկայացվել մարզի անհետաձգելի և հեռանկարային հիմնախնդիրների ամբողջական փաթեթը, որը քննարկվել է տարածքային կառավարման նախարարությունում՝ հիմք դառնալով մարզի հեռանկարային զարգացման համապարփակ ծրագրի համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անհրաժեշտ պայման համարեց միջոցառումների կատարման ժամկետների, պատասխանատուների, ֆինանսական աղբյուրների հստակ ամրագրումը: Ծրագրում նախատեսված արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման առնչությամբ, առևտրի և արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը փաստեց, որ մանրամասնորեն դիտարկված են գործարար ծրագրերի մշակման, վարկավորման, հումքի հայթայթման և սպառման խնդիրները: Նա կարևորեց Արտենիի գինու գործարանի առաջիկա վերագործարկումը, որը տեղի կունենա այս տարի՝ ֆինանսական առողջացման միջոցով: Հաշվի առնելով Թալինի տարածաշրջանի աշխարահագրական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, ինչպես նաև նախորդ տարվա երաշտի և սակավաջրության հետևանքները՝ միջոցառումների ծրագրում հիմնական շեշտադրումը կատարվել է գյուղատնտեսական աշխատանքների վրա. կկառուցվեն գյուղատնտեսական մթերքների չորանոցներ Սասնաշեն, Արտենի, Աշնակ գյուղերում: Մի շարք բնակավայրերում կլուծվեն խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրները, կկառուցվի 16 խմելու ջրագիծ, կվերականգնվեն ներքին ցանցերը: Այս աշխատանքները կիրականցնեն Հայաստանի սոցներդրունմերի հիմնադրամը և կառավարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեն: 2001-2003 թթ. կկառուցվի Ոսկեթասի խմելու ջրագիծը և Թալինի շրջանի 13 գյուղեր կապահովվեն խմելու ջրով: Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ներկայացնելով բնագավառում կատարվելիք միջոցառումները, արձանագրեց, որ 2001 թ Ապարանում և Թալինում կկառուցվեն բարեգործական դեղատներ, իսկ մի շարք բնակավայրերում՝ ամբուլատորիաներ: Խորհրդակցության արդյունքում արված դիտողություններն ու առաջարկները հաշվի կառնվեն և կընդգրկվեն ծրագրում, որն այնուհետև կառավարության որոշման նախագծի տեսքով առաջիկա նիստերից մեկում կներկայացվի գործադիր իշխանության հաստատմանը: