Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 29, 2005

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Նիստի բացմանը մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում, մասնավորապես, ասված է.


«Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ողջունել ձեզ հայոց հինավուրց հողում:


Ինձ համար հաճելի է նշել, որ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների այսօրվա հանդիպումը առաջին անգամ չի անցկացվում Երևանում, և ես համոզված եմ, որ ձեր աշխատանքի արդյունքները բարենպաստ ազդեցություն կունենան ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների արդեն իսկ գոյություն ունեցող և զարգացող համագործակցության վրա:



Նիստի հարգելի մասնակիցներ,



Այսօր, երբ ամբողջ աշխարհին նոր մարտահրավերներ են նետված, մեր առջև դարձյալ ծառանում է միասնական ռազմավարության մշակման և հանցավորության առավել վտանգավոր դրսևորումներին գործուն հակահարվածի կազմակերպման խնդիրը:


Ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի ու զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան և մարդկանց առևտուրը, որպես վերտարածքային, պետական ու քաղաքական սահմաններ չճանաչող երևույթներ, այսօր չափազանց մեծ հիմնախնդիր, իրական ուժ են ներկայացնում, որն ի զորու է հակադրվելու պետական կառույցներին, սպառնալու պետությունների ազգային անվտանգությանը:


Ձեր գագաթաժողովում քննարկվելիք հարցերն իրոք հրատապ են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև, համոզված եմ, Համագործակցության բոլոր պետությունների համար:


Ահաբեկչությունը, որպես առանձնապես վտանգավոր երևույթ, ձեռք է բերել համընդահանուր, միջազգային բնույթ, դարձել է նոր հազարամյակի ամենասուր հիմնախնդիրներից մեկը:


Կասեցնել ահաբեկչության աճը, սանձահարել այն կարելի է միայն Համագործակցության բոլոր երկրների համակարգված գործողությունների միջոցով, որը ենթադրում է փոխգործակցության միջազգային-իրավական բազայի ստեղծում, օրենսդրության ներդաշնակեցում և օրենսդիր ու գործադիր մարմինների ջանքերի միավորում:


Հանցավոր այլ դրսևորումների շարքում հրատապ է դառնում նաև կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրը:


Կոռուպցիան երկրում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական ընդհանուր հիմնախնդիրների հետևանքն է:


Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոռուպցիայի դեմ վճռական պայքարի և հակազդեցության ուղղություն է վերցրել, 2003թ. ՀՀ կառավարությունն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը»:


Մեր երկրի համար պակաս կարևոր չէ նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարի խնդիրը, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:


Հայաստանի Հանրապետության տարածքից շահագործման ու առևտրի նպատակով մարդկանց անօրինական տեղաշարժի և տեղափոխումների ուսումնասիրության նպատակով, հանրապետության կառավարության կողմից ստեղծվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


2004թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են միջգերատեսչական հանձնաժողովի մշակած՝ թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման հայեցակարգն ու 2004-2006թթ. ազգային ծրագիրը:



Նիստի հարգելի մասնակիցներ,



Ակնհայտ է, որ հանցագործությունների նշված տեսակների դեմ պայքարը մեկ պետության շրջանակներում դատապարտված է անհաջողության: Ահա թե ինչու, այսօր մեզ համար ռազմավարական խնդիր է՝ ստեղծել այնպիսի համաձայնեցված համակարգ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել ու բացահայտել խոշոր հանցավոր կազմավորումները:


Համոզված եմ, որ այս նիստը մի նոր քայլ կհանդիսանա Համագործակցության երկրների ներքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության առավել սերտ ու արգասավոր զարգացման համար: Գլխավորն այն է, որ այստեղ ներկա գտնվողներիդ մոտ առկա է առաջիկա խնդիրների համատեղ լուծման կամքն ու ցանկությունը:


Ելույթիս ավարտին թույլ տվեք մաղթել ձեզ կառուցողական ու բեղմնավոր աշխատանք»: