keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մայիս 21, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել էր գործարարության աջակցման խորհրդի նիստ, որի օրակարգում նախատեսված էր քննարկել «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի նոր տարբերակը, հարկային դաշտի վերաբերյալ «Քեյ-Փի-Էմ-Ջի» Արմենիա ՓԲԸ-ի առաջարկությունների փաթեթը, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկները և գործարարությանն առնչվող «պրոբլեմների բանկ»-ում կուտակված հարցերը: Մինչ նշված հարցերին անցնելը, խորհրդի քարտուղար, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը ներկայացրեց նախորդ՝ ապրիլի 10-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանցից մեկը վերաբերում էր այլ երկրներում արտադրության զարգացմանն ուղղված երկարաժամկետ ներդրումների խրախուսման միջոցառումներին, փորձի և օրենսդրական դաշտի վերբերյալ՝ խորհրդի անդամներին ամփոփ տեղեկատվություն հաղորդելը, ինչը և արվեց: «Ներդրումների մասին» օրենքի նախագծի շուրջ խորհրդի նիստում տարբեր տեսակետներ հնչեցին: Վարչապետի առաջարկով հարցը տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ, որպեսզի մանրամասն ծանոթանան օրինագծին և մյուս քննարկման ժամանակ հստակ տեսակետ արտահայտեն՝ պատասխանելով նաև այն հարցադրմանը, թե որքանո՞վ Է անհրաժեշտ «Ներդրումների մասին» առանձին օրենք ունենալը, երբ տարբեր օրենքներում ներդրումային դաշտին վերաբերող կարգավորիչ հոդվածներ կան, որոնք, հարկ եղած դեպքում, կարելի է փոփոխության ենթարկել կամ լրացնել: Օրակարգի մեկ այլ՝ այդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած առաջարկները ծնվել էին Հայաստանում գործող օտարերկրյա խոշոր ներդրողների հետ հանդիպման արդյունքում, որի նպատակը եղել է մեր երկրում հանդիպող այն դժվարությունների, վարչարարական խոչընդոտների վերհանումը, որոնց իրենց գործունեության ընթացքում ներդրողներն առնչվում են: Դրանց վերացմանն ուղղված առաջարկները մեկ առ մեկ քննարկվեցին, դիտարկելով նաև խորհրդի անդամ գործարարների օրինակը, և մի մասը հավանության արժանացան: «Պրոբլեմների բանկ»- ում ընդգրկվել էին շուրջ 2 տասնյակ հարցեր, որոնցից մի քանիսն այսօր քննարկվեցին, մյուսները տեղափոխվեցին հաջորդ նիստ: Քննարկման վերջնարդյունքում այդ պրոբլեմներից կընտրվեն հրատապ լուծում պահանջողները և առաջնահերթության կարգով կընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում: Որոշվեց Գործարարության աջակցման խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսի 3-ին, իսկ մինչ այդ՝ վարչապետի նախագահությամբ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստում կամփոփվեն Նյու Յորքի գործարար համաժողովի արդյունքները, կհստակեցվեն դրանց հետ կապված անելիքները: