Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 17, 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 10 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման, Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի ապահովման, Արթիկի «Քաղաքային հիվանդանոց» ՓԲԸ-ի շինվերանորոգման նախագծման և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Ղափանցյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանդիսությունների դահլիճի վերանորոգման ծրագրերը:

«Հ. Ք. ԿՈՖՈԵԴ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օգնություն ինքնաօգնության համար» ծրագրի նպատակն է տարբեր պատճառներով սոցիալապես պասիվ վիճակում հայտնված անձանց հասարակության մեջ ինտեգրումը, իսկ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը կօժանդակի բնակչության շրջանում ակնային հիվանդությունների բուժման և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին տեղեկատվության բարձրացմանը:

«Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի «Ներտնտեսական տեխնիկական ջրամատակարարման ցանցի վերանորոգում» ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից Երևանի պետական համալսարանում իրականացվող ծրագիրը կնպաստի գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանատան շենքի վերանորոգման և ավտոտնտեսության ու պահեստների շենքի շինարարության իրականացման ծրագրերը, նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: