keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունիս 20, 2001
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2005 թվականների ընթացքում իրականացվող 6 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Հաստատվեցին «Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի» կողմից կրթության և առողջապահության ոլորտներում արդեն իրականացվող 6 ենթածրագրերը: Հիմնադրամը կշարունակի իր ուսումնական ծրագրերը` պատրաստելով բարձրորակ մասնագետներ գործարարության և կառավարման, իրավագիտության, քաղաքագիտության, արդյունաբերական ճարտարագիտության և այլ բնագավառներում: Համալսարանի հետազոտական կենտրոնի կողմից կիրականացվեն հայ մատենագրության էլեկտրոնային գրադարանի ստեղծման աշխատանքները: Ծրագրերի շրջանակներում կբարելավվեն նաև Նորք-Մարաշ բժշկական և Կարո Մեղրիկյան աչքի հետազոտման կենտրոնների սպասարկման աշխատանքները: Աջակցություն կցուցաբերվի Արմավիրի մարզի բնակչության առողջապահական սպասարկման բարելավմանը: «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը կիրականացնի Խոշտանգումների զոհերի վերականգնման և զարգացման կենտրոնի ստեղծման ծրագիրը, որի շրջանակներում համակողմանի բժշկական և հոգեբանական աջակցություն կցուցաբերվի գերությունից, պատանդությունից ազատված և կազմակերպված բռնության ու խոշտանգումների զոհ դարձած անձանց: «Նոյ» ինտելեկտուալ ստեղծագործական կենտրոնը Գյումրիում «Սնունդ աշխատանքի դիմաց» սկզբունքով Գյումրու գիշերօթիկ դպրոցների և մանկատան սաներին ու Մուշ-2 համայնքի փախստականների երեխաներին կտրամադրի կարտոֆիլ և սոխ: «Միջազգային ակցիա սովի դեմ հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը տևական երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Սյունիքի մարզի 50 համայնքներում կազմակերպության աջակցությամբ ցորենի և կարտոֆիլի ցանք կատարած շուրջ 2600 ընտանիքների կտրամադրի պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: