keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հուլիս 07, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ նորաստեղծ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին հիմնադրամի հետագա գործունեության հետ կապված կազմակերպական հարցեր: Նշվեց, որ ավարտվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կազմավորումը, ձևավորվել է խորհրդի կազմը և այժմ աշխատանքները թևակոխել են գործնական փուլ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջիկա ծրագրերի փաթեթը: Նա հանձնարարեց նաև ծրագրերը կազմելիս ուշադրություն դարձնել հասարակական երիտասարդական մյուս կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կտա համակարգել Սփյուռքում և հայրենիքում տարանջատ գործող նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը և ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը: Խորհրդի նիստում որոշվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Վահագն Մկրտչյանին: