Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 31, 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության հռչակման օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 10-ամյակի կապակցությամբ: Ղարաբաղյան շարժումը շարունակությունն էր այն նվիրական պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդն իր ազատության և անկախության համար: 10 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ Արցախի ազատաբաղձ հայությունը հաստատեց պատմական հայրենիքում ինքնորոշման իր իրավունքը, ազատ և ինքնուրույն ապրելու, սեփական ուժերով իր անկախ պետականությունը կերտելու կամքն ու վճռականությունը: Անկախության հռչակագրի ընդունումը աշխարհին ցույց տվեց նաև արցախահայության նվիրվածությունը միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին, ժողովրդավարության համընդհանուր արժեքներին: Անցած 10 տարիները հավաստում են, որ չնայած ներքին ու արտաքին դժվարություններին, արցախցին լի է վճռականությամբ՝ պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված նվաճումները: Զորացնելով բանակը, ամրապնդելով իր պաշտպանունակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միաժամանակ հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման իր սկզբունքին: Այսօր նորանկախ հանրապետության առջև ծառացած են նաև տնտեսության վերականգնման, սոցիալական հիմնախնդիրների լուծման, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և զարգացման խնդիրները, որոնք, համոզված եմ, հաջողությամբ կիրականանան: Թանկագին հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս նշանակալից այս տոնի՝ ԼՂՀ Անկախության տասնամյակի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, ստեծագործ աշխատանք և անկախ ու ազատ կյանքի բազում տասնամյակներ: