Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 04, 2001
ՀՀ վարչապետ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու կառավարության որոշմամբ ստեղծված «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունների ծրագիրը, 2001-2002թթ. ֆինանսավորման ուղղությունները և հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի նախագծման ու վերակառուցման աշխատանքների ընթացքը: Հոգաբարձուների խորհրդին ներկայացնելով հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանին, վարչապետը նշեց, որ անցած երկու ամսում արդեն որոշակի աշխատանք կատարվել է ծրագրի մշակման, հիմնադրամի աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, որը գործադիր տնօրենը մանրամասնեց նիստի մասնակիցների համար: Խորհուրդը հաստատեց հիմնադրամի ծրագիրը, որի գործունեության հիմնական ուղղություններից են Հայաստանում և սփյուռքում երիտասարդական կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն ստեղծելը, միջազգային երիտասարդական շարժմանը հայ երիտասարդության ինտեգրման նախադրյալների ստեղծումը, համահայկական երիտասարդական շարժման կազմակերպումը, հայ երիտասարդության ներուժը ի նպաստ հայության նպատակների և Հայոց պետականության օգտագործելը: Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի մեջ ներառված են գործադիր տնօրինության երևանյան գրասենյակը և Ծաղկաձորի հանգստի համալիրը: Հոգաբարձուների խորհուրդը որոշեց դիմել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ ՀՀ 2002թ. պետբյուջեի նախագիծը ձևավորելիս երիտասարդությանը հասցեագրված տողում հիմնադրամի 2002թ. գործունեության և պահպանման ծախսերը ընդգրկելու համար: Երիտասարդության հարցերով այսօր Հայաստանում զբաղվող խոշոր կազմակերպությունների աշխատանքը առավել արդյունավետ և համագործակցված դարձնելու համար խորհրդի անդամներն առաջարկեցին նշված կազմակերպություններին, այդ թվում՝ վերոհիշյալ կենտրոնի գործադիր տնօրինության երևանյան գրասենյակը, տեղակայել մեկ ընդհանուր շենքում: Տարածքի հարցը քննության կառնվի առաջիկա օրերին: