Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 08, 2006

Այսօր տեղի Է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 4 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան շենքի վերակառուցման և նոր սանհանգույցների տեղադրման, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի դպրոցի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ծրագրերը:


Հաստատվել է նաև Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կողմից իրականացվող ծրագիրը՝ ստեղծել արագագործ տերահերց ալիքային տիրույթի կապ և տեղեկատվական նոր համակարգ, իսկ «Հալո Թրասթ» բրիտանական ոչ կառավարական բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի ականազերծել և անվտանգ դարձնել ԼՂՀ տարածքը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: