Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 16, 2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն պարոն Արիստոմենե Վարուդակիսին:


Ներկայացնելով նորանշանակ տնօրենին՝ տիկին Կոիրոլոն հավաստիացրել է, որ վերջինս կշարունակի Հայաստանի հետ անցած տարիներին ձեռք բերված արդյունավետ համագործակցության դրական փորձը: Նա բարձր է գնահատել երկկողմ ծրագրերին ու համաձայնագրերին հնարավորինս արագ ընթացք տալու ՀՀ կառավարության ջանքերը, ընդգծելով, որ Միջազգային զարգացման ընկերակցության երկրների շարքում Հայաստանն ունի ծրագրերի ամենաբարձր կատարողական ցուցանիշը:


Պարոն Վարուդակիսն իր հերթին հավաստիացրել է, որ տարբեր երկրներում կուտակած աշխատանքային փորձը և կարողությունները կգործադրի Հայաստանի տնտեսական և այլ ոլորտներում ընթացող բարեփոխումների աջակցությանն ուղղված նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը, Համաշխարհային բանկի և միջազգային դոնորների ջանքերի համատեղմանը՝ ի նպաստ Հայաստանի ընդհանուր զարգացման:


Նշելով, որ անցած տարիներին ՀԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը որոշակի առաջընթաց է ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այդ գործընթացը շարունակական կլինի, կիրագործվեն նոր ծրագրեր և կարձանագրվեն նոր հաջողություններ: Նա հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ՀԲ-ի հետ փոխգործակցության հետագա խորացման գործում:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին՝ մեր երկրում իր գործունեությունն իրականացնելու ընթացքում: