Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 18, 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և հանձնարարեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ 2002-2004 թթ. ՀՀ պետբյուջեների նախագծերը մշակելիս հաշվի առնել նշված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման և ֆինանսական միջոցների հատկացման հնարավորությունը: Հիմնախնդրի նկարագրության ընթացքում նշվեց, որ միայն սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող միջին տարեկան վնասը, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տվյալների, կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կառավարությունը հավանություն տվեց «2001 թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին, որով նախատեսվում է զորակոչը և սահմանված ժամկետում ժամկետային զինվորական ծառայությունն անցած զինծառայողների զորացրումը կատարել 2001 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս նիստում գործադիրը համաձայնություն տվեց նաև «Էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ռազմավարությանը, որտեղ նշվում է այս ոլորտում 2001-2002 թթ. մասնավորեցվելիք ընկերությունների ցանկը, մասնավորեցման նպատակը, մասնավորեցման գործընթացի տեսակը, առաջարկվող ժամանակացույցը, գործունեության ծրագիրը և այլն: Մեկ այլ՝ «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդող և բաշխիչ էլեկտրական ցանցերի տարանջատման մասին» որոշմամբ, կառավարությունը հաստատեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռից էլեկտրաէներգետիկական համակարգի բաշխող ընկերությունների հաշվեկշռին անհատույց փոխանցման ենթակա 110 ԿՎ լարման ենթակայանների ցանկը: Որոշվեց նաև «Կարիտաս» փայտամշակման կենտրոն հայ-շվեյցարական ՀՁ» ՍՊԸ հայկական (պետական) բաժնեմասը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել շվեյցարական «Կարիտաս» կազմակերպությանը: Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահվեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Կառավարությունը հաստատեց Նոր Հաճըն քաղաքի մինչև 2010 թ. զարգացման գլխավոր հատակագիծը: Հաստատվեց նաև Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Ճալո» տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև մշակութային և կրթական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող՝ կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվեց պետական եկամուտների նախարարությանը: Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու նպատակով կառավարությունը որոշեց «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առ» ՊՓԲԸ-ն վերանվանել «Բագրատաշենի սահմանամերձ շուկա»՝ այդ շուկայի տարածքը սահմանելով մաքսային հսկողության գոտի: