Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 08, 2007

Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ, փոխադարձաբար շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին ուղղված շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 62-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, մեծարանքով են նշում իսկապես համաժողովրդական այդ տոնը: Մեծ հաղթանակը, որի դերն ու նշանակությունն այսօր ևս դժվար է գերագնահել, ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի համատեղ ջանքերի շնորհիվ, որոնք անձնազոհ պայքար էին մղում ընդհանուր թշնամու դեմ, պաշտպանում հայրենի հողն ու գալիք սերուդների համար ապահովում խաղաղ ապագա:

Այս նշանակալից օրն ի սրտե մաղթում եմ Ձեզ, պատերազմի և թիկունքի վետերաններին, բոլոր ռուսաստանիցներին՝ երջանկություն, քաջառողջություն ու խաղաղ երկինք»:

ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի շնորհավորակա խոսքում ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Արյունահեղ այդ պատերազմի մարտադաշտերում մեր վետերանների մարտական վաստակն ու թիկունքայինների աշխատանքային սխրագործությունները Եվրոպայի և ամբողջ աշխարհի ժողովուրդներին փրկեցին ստրկացումից, ապահովեցին խաղաղ, ստեղծարար ապագայի նրանց իրավունքը: Երախտապարտ մարդկությունը պարտավոր է մշտապես հիշել այդ մասին:

Համոզված եմ, որ հայ-ռուսական ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց տարեգրության մեջ նվիրական փառավոր էջեր կան, ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների, Կովկասում անվտանգության և կայունության:

Ձեզ և Հայաստանում բնակվող Մեծ հաղթանակի բոլոր վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք և ամենայն հաջողություններ»: