keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
նոյեմբեր 23, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Քննարկվեց Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված «Հակակոռուպցիոն ռազմավարության մշակում. կառավարության աշխատակազմի հզորացում» դրամաշնորհի շրջանակներում տեղական անհատական փորձագետների ցանկը: Վերջիններիս համար հայտարարված էր մրցույթ: Հանձնաժողովն այսօր հաստատեց մրցույթը շահած փորձագետների ցանկը՝ քննարկման արդյունքում չհաստատված մի քանի թափուր տեղերի լրացման համար տալով մեկ շաբաթ ժամկետ: Քննարկվեց նաև միջազգային փորձագետների թեկնածուների ցանկը: Հանձնաժողովն այն կհաստատի 10 օր հետո: «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի» վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել միջազգային կազմակերպությունների փորձագետների աշխատանքային խումբը: Հանձնաժողովը դրանց ևս անդրադարձավ: Ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն հանձնաժողովի համապատասխան աշխատանքային խմբում: Հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովը քննարկեց նաև ՀԲ-ի տրամադրած վերոհիշյալ դրամաշնորհի շրջանակներում սարքավորումների (համակարգիչներ) ձեռքբերման հետ կապված հարցերը և մատակարարող կազմակերպությունների ներկայացրած առաջարկները, որոնցից կընտրվեն առավել նպաստավոր պայմաններ առաջարկողները: