Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 20, 2001
Այսօր ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Համաշխարհային բանկի «Օտարերկրյա ներդրումների և արտահանման աջակցության ծրագրի» ներկայացումը, որի կատարող է ընտրվել Զարգացման հայկական գործակալությունը: ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթի խոսքերով, ծրագիրը կատարողի ընտրությունը պատահական չէ, այլ պայմանավորված է վերջին շրջանում ԶՀԳ-ի ակտիվ և արդյունավետ գործունեությամբ: Ըստ ՀԲ ներկայացուցչի, ծրագիրը կարևոր է ոչ միայն հայաստանի, այլև Համաշխարհային բանկի համար, որի նմանատիպ ծրագրերը ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում զգալի հաջողություններ են ունեցել: Ծրագիրը ներկայացնողները նշեցին, որ այն բխում է Հայաստանի կառավարության մշակած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրին օժանդակելու, գործարար միջավայրի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների խթանման ու արտահանման խրախուսման, պոտենցիալ ներդրողների մոտ Հայաստանի մասին պատկերացումների հարստացման նպատակներից և իրականացվելու է երեք տարվա ընթացքում: Կարևորվեց նաև ծրագրի համաֆինանսավորման տարբերակը, որով նախատեսված 1.3 մլն ԱՄՆ դոլարի 1 միլիոնը տրամադրելու է ՀԲ-ն, իսկ մնացած մասը՝ միջազգային այլ դոնոր կազմակերպությունները: Ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց կատարման հստակ մեխանիզմների մշակումը, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարության, ՀԲ-ի, միջազգային այլ ներդրողների համագործակցված աշխատանքով՝ ծրագրի ավարտին իրատեսական արդյունքներ ակնկալել: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com