keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 06, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարներ, կառավարության աշխատակազմի պատասխանատուներ, հանրապետության բոլոր մարզպետները, Երևանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները, գյուղատնտնեսության բնագավառի հարցերով վարչապետի խորհրդարականը: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ նախագահի առաջին օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Գևորգյանը, որը օրակարգի հարցերի շրջանակում կառավարության անդամներին և մարզպետներին ներկայացրեց ամռանը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվող երիասարդական փառատոնի անցկացման և դրա հետ կապված կազմակերպչական խնդիրները: Նախատեսվում է մարզերի ակտիվ մասնակցությունը նշված միջոցառմանը, ինչը նկատի առնելով՝ մարզպետներին հանձնարարվեց հնարավորինս աջակցել փառատոնի կայացմանը: Այնուհետև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, առկա խնդիրների, այդ թվում՝ պարարտանյութերի, թունաքիմիկատների, ոռոգման ջրի, սերմացուով և գյուղտեխնիկայով ապահովվածության, այդ առումով մարզերում տիրող վիճակի քննարկմամբ հստակեցվեցին կառավարության, տեղերում՝ մարզպետարանների կողմից առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել անցյալ տարի գյուղացիներին և սերմաբուծական տնտեսություններին տրված օգնություն սերմացուի և գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործման հարցում, նաև ուշադրության կենտրոնում պահել ջուր օգտագործող միությունների (ՋՕՄ) արագ կազմավորման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումներին ևս: Դրա հետ կապված, մարզպետներին հիշեցվեց ՀՀ վարչապետի մարտի 1-ի որոշմամբ իրենց տրված հանձնարարականի կատարման վերջին ժամկետը, որը վերաբերում է պետական այդ մարմիններում աշխատակազմի ղեկավարների նշանակմանը: ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության տրամադրման գործընթացը: Հարցի քննարկման ընթացքում դարձյալ անդրադարձ եղավ չհաշվառված և ստվերային շահագործվող հողերին: Նշվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը կորոշի դրանց հետագա ճակատագիրը: Խորհրդակցության ժամանակ, տեղեկանալով նաև մարզպետների հաշվետվությունների քննարկման արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին և անդրադառնալով մարզպետարանների աշխատանքին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ 2000 թ-ի համեմատ այն ավելի օպերատիվ և արդյունավետ է դարձել, որի համար 2001 թ-ի նրանց գործունեությունը գնահատվեց բավարար: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող ու գյուղատնտեսության նախարարներին, մարզպետներին՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքները պահել անմիջական հսկողության տակ՝ գյուղատնտեսական տարվա ավարտին ակնկալվող արդյունքն ապահովելու նկատառումով: