Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 18, 2007

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 8-ի «Ազգային մրցունակության խորհուրդ ստեղծելու մասին» N 1324-Ա որոշումը, ինչպես նաև Ազգային մրցունակության խորհրդի առաջարկությունը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Գայանե Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ (գործադիր տնօրեն):

Համառոտ կենսագրական տվյալներ

Գայանե Աֆրիկյանը ծնվել է 1967թ.-ին նոյեմբերի 4-ին, քաղաք Երևանում:

1991թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1996թ.-ին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանը (LSE)` ստանալով հետկոմունիստական անցումային շրջանի երկրների տնտեսության և քաղաքականության գծով մագիստրոսի կոչում, իսկ 2005թ. ավարտել է Հարվարդի համալսարանն ու ստացել պետական կառավարման և մենեջմենթի գծով մագիստրոսի կոչում:

1989-1991թթ. աշխատել է Էստոնիայում, որտեղ մասնակցել է տեղի Հայկական Մշակութային Ընկերություն և կիրակնօրյա հայկական դպրոց ստեղծելու ու ղեկավարելու աշխատանքներին:

1991-1995թթ. աշխատել է որպես «Ֆրանս Պրես» միջազգային լրատվական գործակալության հատուկ թղթակից Հայաստանում:

1996-1998թթ. նա աշխատել է Լոնդոնում «Ինդիփենդենթ» և «Էկոնոմիսթ ինթելիջենս յունիթ» պարբերականներում որպես լրագրող:

1998-2000թթ. ղեկավարել է Եվրամիության նորաբաց ինֆորմացիոն գրասենյակը Երևանում:

2000-2002թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Կոսովոյում` իր աշխատանքային գործունեության ընթացքում պատասխանատու է եղել տարածաշրջանի տնտեսական և քաղաքական զարգացման ռազմավարության և դրա իրականացման համար:

2002-2004թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Աֆղանստանում:

2005-2006թթ. աշխատել է Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնում որպես գիտաշխատող` ուսումնասիրություններ կատարելով Հայաստանի ազգային մրցունակության և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ:

2006-2007թթ. աշխատել է որպես Ղազախստանի կառավարության «Կայուն տնտեսական զարգացման» հիմնադրամի նախագահի գլխավոր խորհրդական:

Անկուսակցական է: