Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 29, 2002
Մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Բարեգործական կազմակերպությունները աստիճանաբար սկսում են հաղթահարել այն իրարանցումային տրամադրությունները, որ նրանց մոտ առաջացրել էր բարեգործական ծրագրերը որպես այդպիսիք որակելու նոր կարգի ներդրումը: Դրա ակներև ապացույցն էր հանձնաժողովին ներկայացված բարեգործական ծրագրերի քանակը: Քննարկման էր ներկայացվել 2002-2003 թվականների ընթացքում իրականացվող միանգամից 12 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող 7 բարեգործական ծրագիր: Վերջերս իր 10-ամյակը բոլորած վերոհիշյալ կազմակերպությունը կիրականացնի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում գործող իր մանկական ատամնաբուժարաններում հաշվառված շուրջ 65 հազար երեխաների ատամնաբուժական անվճար սպասարկում: Տարեկան լիարժեք կապահովվի ավելի քան 106 հազար հաճախում: Իսկ կազնակերպության Գյումրիում և Վանաձորում գործող մանկական ակնաբուժարաններում ակնաբուժական անվճար օգնություն կստանան 2900 երեխաներ, կարիքավորները կապահովվեն օպտիկական ակնոցներով: «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը մեծածավալ ծրագրեր կիրականացնի նաև սոցիալական ոլորտում: Կազմակերպության միջոցներով կվերանորոգվեն և կկահավորվեն Խարբերդի, Գյումրիի մանկատների ու Գորիսի մասնագիտացված գիշերօթիկի ճաշարաններն ու լվացքատները: Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների համար ձեռք կբերվեն բնակարաններ, կարիքավորներին կտրամադրվեն 100-ական լսողական ապարատ և հաշմանդամի սայլակ: Հաշմանդամի սայլակների բաշխման ծրագիր կիրականացնի նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը: Միջազգային «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Սյունիքի մարզում կիրականացնի գյուղատնտեսական վերականգնողական ծրագիր: Մարզի 45 համայնքներում կկատարվի կարտոֆիլի, գարու և կորնգանի ցանք: Գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն ոչխարներ, պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Բարեգործության ոլորտում իր նորամուտն է նշում «Լոռվա լույս» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը Լոռվա մարզում կիրականացնի սոցիալական և կրթական ծրագրեր: Հանձնաժողովը կրկին իր պատրաստակամությունը հայտնեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բարեգործական ծրագրերի որակման և ավելացված արժեքի հարկի գումարի փոխհատուցման նոր կարգի գործունեության շրջանակներում բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքների կազմակերպման հարցում: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր: