keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
ապրիլ 03, 2002
«Ցավոք, Թուրքիան այնքան էլ դրականորեն չի արձագանքում իր հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Հունաստանի նախաձեռնություններին, որը, սակայն, որևէ ձևով չի կարող անդրադառնալ Հունաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերություններին», - նշել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անտոնիոս Վլավիանոսը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօրվա հանդիպմանը: Վարչապետը շնորհավորել է դեսպանին` ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնելու և մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հույս հայտնել, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները նույնպիսի հաջողությամբ կշարունակեն զարգանալ, ինչպիսին եղել են մինչ այժմ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, վերջին տարիներին սկիզբ դրված ակտիվ քաղաքական երկխոսության արդյունքում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու տնտեսական ակտիվ փոխգործակցության համար ստեղծվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ (ստորագրվել և վավերացվել են 30 տարբեր պայմանագրեր); որն անհրաժեշտ է փոխշահավետ նպատակներին ծառայեցնել: ՀՀ վարչապետը պակաս կարևոր չի համարել ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն ուղղված ակտիվ քայլերը, որի վերաբերյալ դեսպան Վլավինոսը ասել է, թե իր երկիրը կշարունակի աջակցությունը Հայաստանի բանակին և առաջիկայում պատրաստվում է ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել այդ ոլորտում գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպանը նշել է նաև, որ իր երկիրը պատրաստվում է 2003թ. առաջին կիսամյակում ստանձնել ԵՄ նախագահությունը և մտադիր է հանդես գալ եվրոպական ընտանիքին Հայաստանն ավելի մերձեցնելու նախաձեռնություններով: Նա տեղեկացրել է, որ ամռանը Հունաստանի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ հարցեր, ըստ նրա, կքննարկվեն այդ այցի շրջանակներում ևս: ՀՀ վարչապետի և մեր երկրում Հունաստանի դեսպանի հանդիպմանը երկուստեք ընդգծվել է հայ և հույն բարեկամ ժողովուրդների պատմամշակութային սերտ կապերը, պատմական ընդհանրությունները ի նպաստ մեր երկու պետությունների օգտագործելու քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը: