Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 26, 2008

Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը և Ջո Նոլենբերգը: Կոնգրեսականների շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի նախագահ պարոն Սարգսյան,

Շնորհավորում ենք Ձեզ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանը շարունակում է ապացուցել արդար և ազատ ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը: Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմապերպությունը, արձանագրել են թափանցիկ և ժողովրդավարական նախագահական մրցարշավ: Ընտրությունների ճշգրիտ անցկացումը նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը և բարձրացնում է երկրի միջազգային հեղինակությունը` որպես խաղաղ ժողովրդավարական երկիր:

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական հարցով կոնգրեսականների հանձնախմբի համանախագահներ` ակնկալում ենք աշխատել Ձեզ հետ` օժանդակելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Հայտնում ենք Ձեզ մեր լավագույն բարեմաղթանքները` Ձեր նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ»:

* * *

Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհավորել է նաև Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրենի գրասենյակը: Տնօրեն Հերման Վիջֆելսի ստորագրությամբ հղված շնորհավորագրում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր նոր պաշտոնում:

Թույլ տվեք, օգտվելով պատեհ առիթից, շնորհակալություն հայտնել Ձեզ Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովին մասնակցության համար:

Ես ակնկալում եմ Ձեր և Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակություն»: