Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 28, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրներն ու ժողովուրդները այսուհետ ևս կշարունակեն ամրապնդել բարեկամության, գործընկերության կապերն ու ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:

Թույլ տվեք, հարգելի Սերժ Ազատի, ցանկանալ Ձեզ առողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում` ի բարօրություն Հայաստանի ժողովրդի»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական այդ բարձր պաշտոնում` հանուն բարեկամ Հայաստանի զարգացման ու բարգավաճման»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական նամակ են հղել Վլադիմիր և Սաթի Սպիվակովները: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ձեր հաղթանակը իրապես կարևոր, պատմական նշանակություն ունի Հայաստանի, և ոչ միայն նրա համար: Այն ոգևորում է ամբողջ աշխարհի հայությանը, Հայաստանի բոլոր բարեկամներին, հաստատում Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, նվիրվածությունը համամարդկային իդեալներին և չափանիշներին:

Մենք համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ, կհասնի իր առջև ծառացած բոլոր խնդիրների վերջնական լուծմանը, որոնք արդեն վաղուց և հաջողությամբ իրենց լուծումն են ստանում Ձեր անմիջական ղեկավարությամբ»:

Շնորհավորական նամակում Վլադիմիր և Սաթի Սպիվակովները քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ են մաղթել Սերժ Սարգսյանին, ցանկանալով նրան` «նոր նվաճումներ` Հայաստանը բարգավաճման, պետականության ամրապնդման և հզորացման, մշակույթի զարգացման ուղիով առաջնորդող պետական գործչի նվաճումներ»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի և կխորացնի զարգացմանն ուղղված իր ջանքերը: Հայաստանում աշխատող մեր աշխատակազմը` ի դեմս տարածաշրջանի տնօրեն տկն. Դոնա Դաուսեթ-Կոիրոլոյի և Հայաստանի գրասենյակի տնօրեն պրն. Արիստոմենե Վարուդակիսի, պատրաստ է աջակցել Ձեզ այդ նախաձեռնությունում: Անհամբեր սպասում ենք Ձեր կառավարության հետ այդ հարցերը, ինչպես նաև առաջիկա տարիներին Համաշխարհային բանկի կողմից բարեփոխումների աջակցության ծրագրի նախագծման մոդելներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությանը»: