Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 31, 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Քննարկվեցին 2002-2005 թվականների ընթացքում իրականացվող 14 երկարաժամկետ բարեգործական ծրագրեր: Հանձնաժողովը հաստատեց Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում փախստականների կենսական պայմանների բարելավում» և «Հայաստանի Հանրապետությունում ներքին տեղահանվածների քարտեզագրում» ծրագրերը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում կտպագրվեն և անվճար կբաժանվեն «Աստվածաշունչը գունազարդիր», «Հիսուս մեսիա», «Սեռական առողջություն և սեռավարակների կանխարգելում» ու «Առողջ հղիություն» գրքերը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ կվերանորոգվեն և կբարեկարգվեն Մատենադարանի հին ձեռագրերը: 2002-2005 թվականների ընթացքում յուրահատուկ ծրագիր կիրականացնի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը` «Օգնություն ինքնօգնության համար»: Կազմակերպությունը նպատակ ունի մասնագիտական վերապատրաստման միջոցով ինքնուրույն աշխատանքով կենսապահովման պայմաններ ստեղծել գործազուրկների, փախստականների, նախկինում ազատազրկվածների, նարկոլոգիական և ալկահոլային կախման մեջ գտնվող անձանց համար: Տարեկան շուրջ 320 մարդ ստանալով խոհարարի, հրուշակագործի, ավտոփականագործի, վարսահարդարի, ոսկերիչի և այլ մասնագիտություններ, հնարավորություն կստանա ինքնուրույն հոգալ իր սոցիալական խնդիրները: «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հայաստանյան մասնաճյուղը իր ամենամյա շարունակական «Պայքար պալարախտի դեմ» ծրագիրը կիրականացնի Լեռնային Ղարաբաղում, իսկ Վարդաշենի հատուկ կրթական համալիրում՝ «Դժվար իրավիճակներում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում, բժշկական, սոցիալական և հոգեբանական աջակցություն կցուցաբերեն կրթահամալիրի սաներին: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց նաև «Սակուրա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող անկարող երեխաների օրթեզավորումից հետո վերականգնողական բուժման և «Հալո Թրասթ» բրիտանական բարեգործական կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների ականազերծման ծրագրերը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր: