Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 20, 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը նախ շնորհավորեց կառավարության անդամներին՝ 2001թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ԱԺ-ում հաստատվելու առթիվ և ընդգծեց, որ մեծ թվով ձայներով հաստատված այդ փաստաթուղթը ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական փաստաթուղթ է: Խորհրդարանում բյուջեի կատարման հաշվետվության շուրջ քննարկումները, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ցույց տվեցին, որ կառավարության գործունեության վերաբերյալ ընդդիմության՝ մինչ այժմ ներկայացրած փաստարկները հիմնազուրկ են: Քննարկումների ժամանակ ընդդիմությանը հնարավորություն էր տրված բանավիճելու, հակափաստարկներ ներկայացնելու և հիմնավորելու, սակայն դա չարվեց՝ ասելիք չունենալու պարզ պատճառով: Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ բյուջեի հաշվետվությունում մեջ ներկայացված ցուցանիշների ապահովման մեջ իրենց ներդրումն ունենալու համար և կարևորեց այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները մինչև տարեվերջ պահպանելն ու զարգացնելը՝ անկախ նախընտրական շրջանի դժվարություններից: Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն տվեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է նշված ոլորտում առկա հիմնախնդիրների հրատապ լուծման, ոլորտին վերաբերող օրենսդրության կատարելագործման, աուդիտորական գործունեությունը հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հարցի զեկուցման ժամանակ նշվեց, որ օրենքի ընդունումը էական դեր կարող է խաղալ նաև օտարերկրյա ներդրումների խթանման համար: Այլ որոշումներով, այս օրինագծից բխող փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին «Լիցենզավորման մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքներում: Նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հայեցակարգին: Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվեց երեքամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2003-2010թթ. սերմնաբուծության զարգացման ծրագիրը: Կառավարությունը որոշեց ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված՝ նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման ծրագրով 63 մլն 700 հազար դրամ ուղղել մինչև երկու տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց ամենամսյա նպաստի գծով 2001 թ. պարտքի մարմանը: Նիստում փոփոխություններ կատարվեցին կառավարության 2001 թ. հունիսի 21-ի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ, որով նախատեսված էր հանրապետության 57 բնակավայրերում նշված ուղղությամբ աշխատանքներն իրականացնել երեք փուլով‘ սկսած 2002 թ.-ից մինչև 2004 թ. ներառյալ: Սակայն, հաշվի առնելով, որ 2000 թ.-ի նկատմամբ 2002թ.-ին‘ սարքավորումների արժեքների շուկայական գների, նյութերի և մոնտաժային աշխատանքների արժեքների փոփոխման արդյունքում տնտեսվել է 84 մլն 800 հազար դրամ գումար, որոշվեց ծրագիրն իրականացնել երկու փուլով‘ սկսած 2002 թ.-ից մինչև 2003 թ. ներառյալ: Մեկ այլ որոշմամբ‘ հաշվի առնելով 182 մլն 300 հազար դրամ գումարի տնտեսումը, համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև կառավարության 2001 թ. հուլիսի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ: Կառավարությունը հաստատեց հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու պահպանման գծով պետական պատվերի ծրագիրը‘ 2002 թ. ընթացքում դրա իրականացման համար հատկացնելով 29 մլն 337 հազար դրամ: Գործադիրը հաստատեց նաև 2002 թ. պետբյուջեով մանկական թերթերի և ամսագրերի սուբսիդավորման նպատակով հատկացված 21 մլն 48 հազար դրամի բաշխումը՝ ըստ առանձին խմբագրությունների: Գործադիրը համաձայնություն տվեց «ԱՊՀ գործարար կենտրոնի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնը կնպաստի Համագործակցության երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ազատ առևտրի գոտու, ինչպես նաև գործարարությանը վերաբերող տեղեկատվության ընդհանուր շուկայի ձևավորմանը: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն տրվեց նաև «Գիտատեխնիկական ոլորտում ինովացիոն գործունեության պաշտպանման միջպետական ֆոնդի ստեղծման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինովացիոն գործունեությունը իրավական, գիտական, ֆինանսական, կառավարման և տեղեկատվական պաշարների բարձր պարունակությամբ միջոցառումների բազմաբնույթ, փոխկապակցված համակարգ է, որի բարեփոխումները տնտեսության մեջ կնպաստեն ինովացիոն բիզնեսի համատեղ զարգացմանը, միջպետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Գործադիրը որոշում ընդունեց նաև հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները, վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին: Մեկ այլ որոշմամբ, վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպվեց նաև կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական հիմնարկը: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը կատարելագործելու, մասնավորապես օրենքի գործողության ոլորտի, հայեցողական պաշտոնների, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարների նշանակման, նրանց լիազորությունների ժամկետների և դրանց հետ կապված հարակից այլ հարաբերությունների կանոնակարգման նպատակով, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Կառավարությունը հաստատեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կանոնադրությունը, որով սահմանվում է, որ նա համակարգում է կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը, իր կողմից համակարգվող ոլորտների, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեությունը, ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ՝ այլ նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին տալիս է հանձնարարականներ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը: Նիստում հաստատվեցին Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Առանձին որոշումներով կառավարությունը համաձայնություն տվեց «Միջազգային տրանսպորտային միջանցքների բնագավառում համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին: Հավանություն տրվեց նաև «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին: Գործադիրը հավանություն տվեց Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Կառավարության հավանությանն արժանացած երկու տասնյակից ավելի օրինագծերի քննարկման և հաստատման համար գործադիրը որոշեց դիմել ՀՀ նախագահին‘ 2002 թ. հունիսի 25-ին, ժամը 12:00-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ: