Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 20, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, շարունակում են շնորհավորական հեռագրեր ստացվել Սերժ Սարգսյանի անունով:

Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները` Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով առիթից կուզենայի հաստատել իմ շահագրգռվածությունը հայ-սլովակյան հարաբերությունների փոխադարձ համակողմանի զարգացման վերաբերյալ, որոնք գտնվում են մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում:

Թույլ տվեք վստահություն հայտնել, որ փոխադարձ շփումներն ու ակտիվ երկխոսությունը մեր երկրների, կառավարությունների և մեր պետությունների ղեկավարների միջև այսուհետ ևս կշարունակեն զարգանալ:

Հարգարժան կառավարության նախագահ, մաղթում եմ Ձեզ` հաջողություն պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն և ստեղծագործական մեծ ներուժ` երկրում և նրա սահմաններից դուրս Հայաստանի քաղաքական մտադրությունների իրականացման գործընթացում»:

***

Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանին շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակը: Նրա ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվեք հույս հայտնել, որ Ձեր իմաստուն ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը, որը վերջին շրջանում հասել է բարձր տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման, առաջիկայում ևս կընթանա քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման ուղիով:

1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, մեր երկրները սերտացնում են իրենց բարեկամական կապերը, և ես հուսով եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ ապագային միտված ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին` հետագա բարգավաճում»:

***

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, Սերժ Սարգսյանին շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեպան Մեսիչը: Նրա ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի նորընտիր նախագահ,

Թույլ տվեք Խորվաթիայի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքս հղել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ձեր հարուստ քաղաքական փորձը երաշխիք է, որ Հայաստանը ձեռք է բերել նախագահ, ով կկարողանա լավագույնս առաջնորդել երկիրը` ներկայիս համաշխարհային ասպարեզում տիրող միջազգային բարդ իրավիճակներում:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պաշտոնում և, օգտվելով առիթից, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին ևս Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ»:

***

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկու` Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական հեռագրում ասված է.

«Հարգարժան պարոն նախագահ,

Ընդունեք խնդրեմ ամենաջերմ մաղթանքներս Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հավատում եմ, որ այդ պատվավոր պաշտոնում Ձեր ղեկավարման ընթացքում մեր երկրների միջև եղած համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ, ինչն էլ, անկասկած, կնպաստի լեհ և հայ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի խորացմանը: Վստահ եմ, որ այդ համագործակցության ևս մի առիթ կհանդիսանա Հայաստանի հետագա մերձեցումը եվրոպական կառույցների հետ:

Վստահեցնում եմ Ձեզ, որ Հայաստանը ժողովրդավարության և տնտեսական զարգացման ճանապարհին, ի դեմս Լեհաստանի, կունենա իր հավատարիմ և օգնության պատրաստ դաշնակիցը:

Հարգարժան պարոն նախագահ, ընդունեք իմ բարեմաղթանքները` ժողովրդի կողմից Ձեզ վստահված պարտավորությունների կատարման գործում և անձնական կյանքում»: