Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 17, 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Թաթուլ Երվանդի Հակոբյանը: Կենսագրական տվյալներ Ծնվել է 1963 թ. ապրիլի 29-ին‘ Սիսիանում: 1980 թ. գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ընդունվել և 1985 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը‘ ստանալով դեղագործի որակավորում: 1985թ-ից մինչև 1995 թ. ղեկավարել է դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններ Սիսիանի և Արտաշատի շրջաններում և Երևանում: 1992-1994 թթ. ուսանել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարար ղեկավարման ֆակուլտետում, որի ավարտին շնորհվել է գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում: 1995 թ. նոյեմբերից մինչև 1996 թ. մարտ ամիսը աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սոցիալական — առողջապահական քաղաքականության բաժնում‘ որպես գլխավոր մասնագետ: 1995թ. մարտից մինչև 1999 թ. մարտ ամիսը աշխատել է ամերիկյան «Միացյալ մեթոդիստների օգնության կոմիտե» ոչ կառավարական կազմակերպությունում‘ որպես առողջապահական ծրագրի ղեկավար, այնուհետև‘ բժշկական կոորդինատոր: 1995-1997 թթ. հրավիրվել է ուսանելու Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետում, որի ավարտին նրան շնորհվել է Հանրային առողջապահության մագիստրոսի կոչում: 1998 թ. ընթացքում որպես առողջապահության քաղաքականության հարցերով անկախ փորձագետ համագործակցել է Եվրոմիության ՏԱՍԻՍ ծրագրի և Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի հետ: 1999 թ. մարտին հրավիրվել է աշխատանքի ՀՀ առողջապահության նախարարություն և նշանակել Առողջապահության ապահովվածության գլխավոր վարչության պետ: 2000 թ. փետրվարին նշանակվել է առողջապահության նախարարության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ: 2000 թ. դեկտեմբերից աշխատում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում» որպես առողջապահության քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ‘ դուստր և որդի: