Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 20, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այվարս Վովերսին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:


Շնորհակալություն հայտնելով դեսպանին` կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար, վարչապետը համոզվածություն է հայտնել, որ հետագայում ևս պարոն Վովերսն իր գործունեությամբ կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների առավել սերտացմանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ պարոն Վովերսը լինելով Լատվիայի առաջին դեսպանը ՀՀ-ում, ամուր հիմքեր է ստեղծել երկկողմ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս նոր թափ հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Ըստ վարչապետի, Հայաստանի համար ուսանելի է Լատվիայի անցած եվրաինտեգրման ուղին: Մեր երկիրը հետաքրքվում է նաև Լատվիայում իրականացվող բարեփոխումներով:


Այվարս Վովերսի կարծիքով, վերջին մի քանի տարիներին լուրջ ու նշանակալից փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ Լատվիայում, և թե՛ Հայաստանում. Լատվիան դարձել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Հայաստանն անդամակցել է Եվրախորհրդին, որոշակի ձեռքբերումներ է ունեցել տնտեսական զարգացման ու նաև եվրաինտեգրման ճանապարհին: Ըստ դիվանագետի, Լատվիայում ուշի-ուշով հետևում են այդ գործընթացին, ինչը, նրա կարծիքով, լավ հիմք է նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է դարձել ԵԽ-ում Լատվիայի նախագահության շրջանում, և իր երկիրը հնարավորինս աջակցել է այդ հարցում` դեսպան Վովերսը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Լատվիայի աջակցությունն ու օժանդակությունը Հայաստանին այսուհետ ևս կշարունակվի:


Նա գոհունակություն է հայտնել, որ իր պաշտոնավարման շրջանում հնարավորինս կարողացել է նպաստել հայ-լատվիական հարաբերությունների ամրապնդմանը: Անցած տարիներին, դեսպանի հավաստմամբ, երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, հիմքեր են ստեղծվել, մասնավորապես, խորհրդարանական մակարդակում, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման համար: Տնտեսական ոլորտում, որտեղ ևս որոշակի հաջողություններ կան, դեսպանի կարծիքով, դեռևս քիչ չեն նաև անելիքները:


Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին` նրա հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում: