Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 14, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիռա Իշիյամային և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են քույրական միջազգային ծրագրերի տնօրեն Սալբի Ագառակյանը, ինժեներ Դան Կվաչին և պրոֆեսոր, հայաստանյան ծրագրի ղեկավար Արթուր Շուքուրյանը:


Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին է ներկայացվել ականջի արհեստական խխունջի պատվաստման կենտրոնի գործունեությունը, հիմնադրումից ի վեր` անցած չորս տարիների հաջողությունները և զարգացման առաջիկա ծրագրերը: Կենտրոնը, որտեղ կատարվում են ծանր աստիճանի լսողությամբ և բացարձակ խլությամբ տառապող հիվանդների ականջի արհեստական խխունջի պատվաստման բարդ վիրահատություններ, հավակնում է այս մասնագիտացված առողջապահական ծառայությամբ դառնալ տարածաշրջանային կենտրոն: Առողջապահության նախարարի հավաստմամբ, դա միանգամայն հնարավոր է, նկատի առնելով կենտրոնի հաջող գործունեությունը, այսօր տարածաշրջանում միակը լինելու հանգամանքն ու զարգացման ներուժը: Վարչապետը չափազանց կարևորել է Հայաստանում հիշյալ կենտրոնի գործունեությունը, նշելով, որ կառավարությունում այսօր քննարկվում են առողջապահության ոլորտի առաջնահերթությունները, և համագործակցությունը ականջի խխունջի իմլատացիայի կենտրոնի հետ կարող է խթանել ոլորտի զարգացումն ու նպաստել առողջապահության հավակնոտ ծրագրերի իրագործմանը:


Հանդիպման ընթացքում կարևորվել է կենտրոնի զարգացման ծրագրերին ՀՀ կառավարության շահագրգիռ աջակցությունը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ականջի վիրահատությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի հիմնում, մասնագետների պատրաստում, ինչը թույլ կտա նորածին երեխաների շրջանում լսողության համատարած հետազոտություն անցկացնելու և հիվանդության վաղ շրջանում հայտնաբերումից անմիջապես հետո, բուժման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Մասնագետների հավաստմամբ, այն շատ ավելի լավ արդյունքների կհանգեցնի:


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կենտրոնի զարգացման ծրագրերին և մաղթել հաջողություններ: