Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 04, 2002
Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր հանրապետությունում պետականորեն նշվող այս գեղեցիկ տոնը իրական գնահատությունն է այն մեծ դերի ու ավանդի, որ դուք ունեք երիտասարդ սերնդի, հանրապետության ապագա քաղաքացիների կրթության և դաստիարակության գործում: Խորապես գնահատելի են այն ջանքն ու նվիրվածությունը, որով դուք՝ չնայած բոլոր դժվարություններին, իրականացնում եք մեր սերունդներին ազգային, քաղաքացիական ու բարոյական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակելու ձեր ազգանվեր առաքելությունը: Կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության, ուսուցիչների կենսապայմանների բարելավման խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված դրական տեղաշարժերը՝ աշխատավարձերի ոչ միայն կանոնավոր վճարումները, այլ նաև որոշ չափով բարձրացումը, տարվա լավագույն ուսուցչի պարգևատրման գեղեցիկ ավանդույթի ներդրումը, դպրոցական մասնաշենքերի կառուցումն ու վերանորոգումները և մի շարք այլ միջոցառումներ, կարծում եմ, նկատելի են: Կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է անել հնարավորը՝ կրթական համակարգի արդյունավետ զարգացումն ապահովելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ երկար տարիների բեղմնավոր աշխատանք, առողջություն և բազում հաջողություններ՝ ի շահ մեր անկախ պետականության: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան