Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 11, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովին և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Քննարկվել են Հայաստանի արդյունաբերական շուկայում հնարավոր համագործակցությանն ուղղված հարցեր: Պարոն Չեմեզովը նշել է, որ հետաքրքրված է հատկապես էլեկտրոնային արդյունաբերության բնագավառում խոշոր ներդրումների իրականացմամբ, սակայն հայաստանյան ձեռնարկությունների վերաբերյալ վերլուծությունը կարող է փոխշահավետ համագործակցության այլ բնագավառներ ևս ի հայտ բերել, որտեղ հնարավոր է նաև համատեղ ձեռնարկությունների հիմնում:

Վարչապետը ևս փոխգործակցության առումով հեռանկարային է համարել էլեկտրոնային արդյունաբերության ոլորտը, նշելով, որ դեռևս խորհրդային շրջանում այդ ոլորտը Հայաստանում բավականին առաջընթաց է ունեցել: Վարչապետը ողջունել և պատրաստակամություն է հայտնել աջակցելու առաջարկվող տնտեսական գործակցությանն ուղղված փոխշահավետ բոլոր նախաձեռնություններին: Որոշվել է նաև հարցը ներառել Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում: