Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 19, 2002
Ծանր և անդառնալի կորուստ կրեց հայ ժողովուրդը։ Երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց մեծ գրող Հրանտ Մաթ—ոսյանը։ Կյանքից հեռացավ գրական և հասարակական խոշոր անհատականություն, որի ստեղծագործությունը 20-րդ դարի հայ գրականության բարձրակետերից է։ Մաթևոսյանի զորեղ ու անկրկնելի արվեստը նշանավորեց մեր արձակի զարգացման որակապես նոր փուլ։ Հրանտ Մաթ—ոսյանը ծնվել է 1935 թվականին Լոռվա Ահնիձոր գյուղում։ 1962-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, իսկ 1967-ին Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Նրա առաջին գիրքը՝ «Օգոստոս» ժողովածուն, լույս տեսավ 1967-ին։ Այդ գիրքը, ինչպես և դրանից առաջ մամուլում տպագրված ակնարկներն ու պատմվածքները անմիջապես հայտնվեցին գրականագետների, գրչակիցների և ընթերցող հասարակայնության ուշադրության կենտրոնում՝ որպես նշանակալի գեղարվեստական իրադարձություն։ 1968-ին տպագրվեց «Մենք ենք, մեր սարերը» վիպակը, որի հիման վրա իր իսկ սցենարով նկարահանված ֆիլմը դարձավ հայ կինոյի ամենասիրված գործերից և նվաճումներից մեկը։ Այնուհետև լույս տեսան «Մեր վազքը», «Ծառերը» ժողովածուները, «Աշնան ար—», «Տերը» վիպակները, որոնց հիման վրա ևս նկարահանվեցին ֆիլմեր։ Այս բոլոր գործերը հայ դասական արձակի և կինոարվեստի մնայուն արժեքներ են։ Անուրանալի է Հրանտ Մաթ—ոսյանի ստեղծագործության և լեզվամտածողության ազդեցությունը ժամանակի գեղարվեստական գիտակցության վրա։ Նա առաջատարն ու խորհրդանիշն էր 60-ականներին սկիզբ առած գրական այն շարժման, որը նոր էջ բացեց մեր արձակի և ազգային գեղարվեստական մտածողության մեջ։ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով՝ ճանաչում ու համբավ բերելով ոչ միայն հեղինակին, այլև մեր գրականությանն ու ժողովրդին։ Նա Հայաստանի և Խորհրդային Միության պետական մրցանակների դափնեկիր էր, արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման։ 1996-2001թթ. Հայաստանի գրողների միության նախագահն էր։ Մեծ գրողի և մտավորականի շռայլ տաղանդի արգասիքը՝ նրա ստեղծած պատմվածքները, վիպակները, սցենարները, սերունդների հարստությունն են, հայ գրականության բազմադարյան ժառանգության ոսկե հունձքը, որը մշտապես սնելու է մեր գրական ու գեղարվեստական միտքը։ Կառավարական հանձնաժողով