Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 23, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի այս օրը՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ազգովի խոնարհվելով մեր նահատակների հուշակոթող-շիրիմների առջև, մենք ավելի միասնական ենք դառնում մեր ժողովրդի պատմության մեջ անջնջելի հետք թողած այդ եղեռնագործությունը դատապարտելիս և որ կարևոր է՝ ապրելու և հարատևելու, աշխարհում մեր ուրույն տեղն ունենալու ձգտումը վերահաստատելիս: Դարի մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը մղում է մեզ համախմբելու մեր ուժերը հզոր ու բարգավաճ պետություն կերտելու, մեր ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը ամենից առաջ մեր ուժի շնորհիվ ապահովելու նպատակով: Վստահ եմ, որ երրորդ հազարամյակ ոտք դրած մեր երկիրն ու ժողովուրդը կկարողանան աշխարհի քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում միասնական պայքար տանել նման ոճրագործություններն ու բռնություններն այլևս բացառելու համար: