Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 06, 2004

Այսօր ՀՀ կառավարությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման «Ագոյի խմբի» պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդում Իտալիայի մշտական ներկայացուցիչ Պիետռո Ագոյի գլխավորությամբ։

Պարոն Ագոն նշել է տեղական ժողովրդավարության բնագավառում Հայաստանի առաջընթացը և կարևորել այս բնագավառում զարգացումների անընդհատության կարևորությունը։ Մասնավորապես, կարևորվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կատարելագործման, Երևանի կառավարման նոր մոդելի մշակման, համայնքային ծառայության մասին և տարածքային կառավարման մասին օրենքների անհրաժեշտությունը։

Նախարարը պատվիրակությանը ներկայացրել է նշված ուղղություններով կատարվող աշխատանքների ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ փաստաթղթերը Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացությանը ներկայացնելու և դրա ժամկետների վերաբերյալ։

Պարոն Ագոն վստահեցրել է հետագա համագործակցության իրենց պատրաստակամությունը։