Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 18, 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Հանձնաժողովը քննարկեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են բարեգործության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, ինչպես նաև այս բնագավառում սահմանվող արտոնությունները:

Հանձնաժողովը հաստատեց 8 բարեգործական կազմակերպությունների ծրագրերը, որոնց թվում են նաև՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2 ծրագրեր՝ ֆրանսահայ համայնքի ֆինանսավորմամբ Նոր Հաճն քաղաքի բնակելի թաղամասի ջեռուցման ցանցի վերականգնման և արգենտինահայ բարերարների միջոցներով Երևանում «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կառուցման ծրագրերը: Վերջինս կծառայի Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը:

Արարատի մարզում 3 դպրոց կվերանորոգի Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը, իսկ ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն այս տարի իր գործունեությունը կիրականացնի երկու հիմնական ուղղություններով՝ «Պայքար պալարախտի դեմ»ծրագիրը ԼՂՀ-ում և «Փողոցի երեխաներ» ծրագիրը, որի շրջանակներում կստեղծվի երեխաներին ընդունող տեղամաս, կկազմակերպվի բժշկական, հոգեբանական, ապահովագրական և այլ աջակցություն:

Հանձնաժողովի հավանությանն արժանացան նաև ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող 2 ծրագրեր՝ կապված ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը մասնավորեցման գործընթացում աջակցություն ցուցաբերելու և հանրապետությունում հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների հետ:

Հանձնաժողովն անդրադարձավ նաև հաստատված բարեգործական ծրագրերի կատարման ընթացքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների կոմիտե» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող բուսական յուղի և կաթի փոշու դրամայնացման ծրագրի ընթացքին:

Հանձնաժողովի առանձին անդամների տրվեցին հանձնարարականներ տեղերում ծրագրերի կատարման ընթացքն ուսումնասիրելու և աշխատանքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ: