Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պետության ծրագրերն ուղղված են լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը. ՀՀ վարչապետ

դեկտեմբեր 05, 2013
Պետության ծրագրերն ուղղված են լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառմանը:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը հիշեցրել է, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանդակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին: «Հասկանալի է, որ դուք ամեն օր առնչվում եք այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր երկրի առջև, իհարկե առաջին հերթին նկատի ունեմ աղքատության հաղթահարման կարևորագույն խնդիրը: Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության և օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանդակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով: Մարդկային խոսքը, վերաբերմունքը շատ հաճախ ավելի մեծ կշիռ ունի մեր քաղաքացիների համար: Հենց այդ ճակատում է, որ դուք իրականացնում եք ձեր ամենօրյա ծանր աշխատանքը, և հենց ձեր աշխատանքով է պայմանավորված՝ խոցելի խմբերի ներկայացուցիչները գոհ կլինեն մեր կողմից մատուցվող ծառայություններից, թե ոչ: Իհարկե, իր մեծ և կարևորագույն նշանակությունն ունի նաև ֆինանսական օժանդակությունը ու մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն, այդ առումով, տարեցտարի ավելացնում է նաև այդ հատկացումները. պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սոցիալական ծառայության ոլորտում իրականացվել են արմատական փոփոխություններ, որոնց արդյունքում սոցիալական ծառայություններն այսօր առավել թիրախային են: Վարչապետը նշել է, որ կառավարությունը սկսել է մի քանի նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ դրական են: Այդ առումով, Տիգրան Սարգսյանը հիշատակել է ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրումը, որը քաղաքացիների համար ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով դարձնում է հարմարավետ:
«Մենք պետք է ձեզ հետ կարողանանք սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները: Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից: Այսուհետ բացառվելու է, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները հնարավորություն չունենան ստանալ կրթություն: Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է այդ ծախսերը: Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ներդրվելու է առնվազն 10 նոր ծրագրեր, որոնք անապահով ընտանիքներին ապահովելու են աշխատանքով: Այդ նպատակով իրականացվելու են բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել սոցիալական ծառայությունների ոլորտի աշխատակիցներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և մաղթել աշխատանքային հետագա հաջողություններ:
Ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել և խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և հուշանվերներով: