Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը

սեպտեմբեր 05, 2012
ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: «Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած պառակտում չի բխում մեր ժողովրդի շահերից»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ՌԱԿ-ի դերակատարությունը Հայաստանի քաղաքական դաշտում բարձրանա:
Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կուսակցության ծրագրերը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, այդ թվում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: ՌԱԿ վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի առաջընթացին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև օլիգոպոլ երևույթների դեմ պայքարին:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձ են կատարել սիրիահայերի կողմից Հայաստանում ներդրումների իրականացման գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին, մասնավորապես, վերջիններս կարող են իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել Զարգացման հայկական գործակալություն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ օգնություն:
Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը սիրիահայերին օժանդակելու նպատակով վերջիններիս ազատել է բազմաթիվ ընթացակարգային ռեժիմներից և վարչարարական գործողություններից:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին առնչվող հարցեր: